Աւելի քան կէս տարիէ ի վեր, Արցախը կը դիմագրաւէ զինք ջլատող պաշարումը, որ պատճառ դարձաւ իր կենսական կարիքներէն զրկուելուն: Մարդասիրական տագնապը վատօրէն կ՛ազդէ անոր 120,000 բնակիչներուն, որոնք կը պայքարին վերապրելու համար հազուագիւտ սնունդով, դեղօրայքով, վառելանիւթով, ելեկտրական հոսանքով եւ նման տարարական կարիքներով:

Հակառակ այս անտանելի վիճակին, Արցախի բնակիչները ամուր կը մնան իրենց իրաւունքներու պայքարին մէջ, իրենց ինքնորոշումի իրաւունքին մէջ եւ իրենց նախահայրերու հողին վրայ ապրելու իրաւունքին մէջ: Անոնք չեն ուզեր զրկուիլ իրենց հայրենիքէն եւ իրենց արժանապատուութենէն:

Հակառակ շարունակուող անմարդկային տագնապին, ԱՀԱԸ եւ ԳՀԱԸ Եփրեմ եւ Զապէլ Պասմաճեան մանկապարտէզը Ասկերանի մէջ, կը շարունակէ բաց մնալ, դէմ դնելով բոլոր տեսակի դժուարութիւններուն:

Աստուծոյ օգնութեամբ եւ իրենց հաստատակամութեամբ, պաշտօնէութիւնն ու ծնողները կրցան անկարելին, կարելի դարձնել: Անոնք յաջողեցան մանկապարտէզի շրջանաւարտից հանդիսութիւն կազմակերպել, հակառակ բոլոր դժուարութեանց:

Մանկապարտիզպանուհի Անահիտ Դանիէլեան մեզի կը նկարագրէ հանդիսութիւնը, այնտեղ ապրող անձի մը հարազատութեամբ: Մենք կը քաջալերենք մեր ընթերցողները, որպէսզի կարդան անոր տեղեկագիրը արեւելահայերէնով:

Այսօր ԱՀԱԸ եւ ԿՀԱԸ Եփրեմ եւ Զաբել Բասմաջյանների անվան Ասկերանի մանկապարտեզի միջին խմբի ավարտական հանդեսն էր։

Չնայած շրջափակմանն ու մարդասիրական ճգնաժամին, ողջ անձնակազմը, ծնողների հետ համատեղ ուժերով, Աստծո օգնությամբ, արեց անհնարինը։ Փոքրիկներն ուրախ տրամադրությամբ ասմունքեցին, երգեցին ու պարեցին։

Նրանք են մեզ այսօր ապրեցնում մեր հայրենիքում։ Նրանք են եկել այսօր համայն աշխարհին ասելու, որ մենք ուզում ենք խաղաղ մանկություն ունենալ սեփական հայրենիքում։ Այսօր նրանք ուզում են ապրել իրենց հայրիկների, մեծ եղբայրների կողքին։ Նրանց հետ ուզում են զբոսնել չքնաղ Արցախի հմայիչ բնության գրկում։ Այն սուրբ հայրենիքում, որտեղ ապրել ու արարել են մեր ապուպապերը։

Դահլիճի ներսում մի այլ աշխարհ էր։ Խորանալով նրանց մանկական աշխարհում՝ մի պահ կտրվեցինք բոլորով մեզ շրջապատող արհավիրքից, անորոշությունից ու անարդարությունից։

Մեր չքնաղ երկրի հրաշք մանուկներ, ուր էլ որ գնաք, ուր էլ որ լինեք, ձեր հողն ու գիրը երբեք չմոռանաք։ Ապրեք անհոգ ու խաղաղ կյանքով։ Աստված օրհնի ու պահապան լինի ձեզ։

Մանկապերտեզին ձեր նիւթական աջակցութիւնը
կրնաք ընել մեր պաշտօնական կայքէջին մէջ՝
https://www.amacnews.org/#donate